Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռաջեփ Թայիփ Էրդողանի հետ, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Զրույցի ընթացքում քննարկվել են ռուս-թուրքական համագործակցության, բարձր մակարդակի երկկողմ համագործակցության խորհրդի հերթական նիստի նախապատրաստման, առեւտրատնտեսական համագործակցության խնդիրները:

Բացի այդ, երկու երկրների նախագահները պայմանավորվել են երկկողմ հանդիպում անցկացնել Անթալիայում «Քսանի խմբի» գագաթաժողովի շրջանակներում:

«Պուտինն ու Էրդողանը մտքեր են փոխանակել Սիրիայում տիրող իրավիճակի շուրջ՝ Վիեննայում հոկտեմբերի 30-ին «Աջակցման խմբի» նախարարական հանդիպման արդյունքների ֆոնին»,-հաղորդել է մամուլի ծառայությունը:

Պուտինը շնորհավորել է Էրդողանին՝ Թուրքիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հաղթանակի առթիվ: Իր հերթին Էրդողանը ցավակցություններ է հայտնել Եգիպտոսում ռուսական օդանավի կործանման կապակցությամբ: