Թուրքիայում այնպիսի մամուլի ազատություն կա, որն աշխարհի որեւէ այլ երկրում չկա։ Այսպիսի զավեշտալի հայտարարություն է արել Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության նորընտիր հայ պատգամավոր Մարգար Եսայանը։

Ինչպես տեղեկացնում է թուրքական T24.com-ը, Sputnik լրատվական գործակալության հետ զրույցում Մարգար Եսայանն անդրադարձել է ընտրությունների արդյունքներին եւ քրդական հարցի կարգավորման հեռանկարին։ Նա շեշտել է, թե ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ PKK-ի դեմ պայքարը պետք է շարունակվի։ Մարգարյանը նշել է, թե առաջիկայում թուրքական իշխանությունները քրդական հարցի կարգավորման համար այլեւս չեն երկխոսելու քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հետ եւ չեն էլ հաշվի առնելու PKK-ին ու Օջալանին։

Ըստ հայ պատգամավորի՝  իշխանությունները երկխոսելու են միայն քուրդ ժողովրդի հետ։

Անդրադառնալով Թուրքիայում բանտարկված լրագրողների խնդրին, Մարգար Եսայանը հայտարարել է, թե դրանք ուռճացված են՝ պնդելով, թե Թուրքիայում այնպիսի մամուլի ազատություն կա, որն աշխարհի որեւէ այլ երկրում չկա։