Սիրիայի բանակն իր վերահսկողության տակ է վերցրել Սալյամիյա (Հոմս նահանգ) եւ Հալեպ քաղաքները միացնող ավտոմայրուղին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին» ՝ վկայակոչելով ռազմական շրջանակների իր աղբյուրները:
Գործակալության զրուցակցի խոսքով մայրուղին ազատագրելու գործողության ընթացքում տասնյակ գրոհայիններ են ոչնչացվել: Սակրավորներն արդեն սկսել են ականազերծման աշխատանքները: Մայրուղով երթեւեկությունը ծրագրում են բացել նոյեմբերի 5-ի առավոտյան:
Այդ ճանապարհը Հալեպ քաղաքը Համայի միջոցով կապում է երկրի մյուս նահանգների հետ, ինչպես նաեւ ապահովում սիրիական բանակի մատակարարումն այդ քաղաքում:
Հոկտեմբերի 26-ին հայտնել էին, որ կառավարական զորքերը գրոհայիններից ազատագրել են Դամասկոս- Հոմս ավտոմայրուղու՝ մայրաքաղաքից մինչեւ Հարաստա հատվածը: Մայրուղու 10 կիլոմետրը շարունակում է մնալ զինյալների վերահսկողության տակ:





























