Ամերիկյան Նեւադա նահանգի Լաս Վեգաս քաղաքի ամենամեծ այգում` «Սանսեթ փարքում», նոյեմբերի 14–ին տեղի կունենա Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի բացման արարողությունը։ Այս մասին հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը։
Լաս Վեգասի հայ–ամերիկյան մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ եւ քաղաքի հայկական բոլոր եկեղեցիների եւ կազմակերպությունների մասնակցությամբ ստեղծված հուշարձանը ամերիկահայ համայնքի նվերն է Հարավային Նեւադայի բնակիչներին։
Արարողությանը բացի Հայ Առաքելական եկեղեցու արեւմտյան թեմի ներկայացուցիչներից կմասնակցեն պաշտոնյաներ Հայաստանից եւ Լիբանանից, ինչպես նաեւ Նեւադայից ընտրված կոնգրեսականներ եւ Լաս Վեգասի քաղաքային իշխանության ներկայացուցիչներ։





























