Ճապոնիայում մի խումբ քաղաքացիներ դատարան են դիմել՝ պահանջելով վերանայել ներկայում գործող օրենսդրությունը, որը պահանջում է ամուսնությունից հետո փոխել ազգանունը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Օրենքի համաձայն, ամուսնությունը գրանցելուց հետո հարկավոր է մեկ ազգանուն ընտրել՝ կա՛մ ամուսնու, կա՛մ կնոջ: Հայց ներկայացրած քաղաքացիները կարծում են, որ օրենքի այս դրույքը խախտում է սեռերի հավասարության սահմանադրական սկզբունքը:
Սրան զուգահեռ, կքննվի ընտանեկան իրավունքի նորմերին վերաբերող մեկ այլ հայց: Դրանում նշվում է, որ օրենքը, որն ամուսնալուծությունից հետո 6 ամսվա ընթացքում կնոջն արգելում է կրկին ամուսնանալ, հակասահմանադրական է:
Այս փաստաթուղթն ընդունվել է ավելի քան 100 տարի առաջ եւ, ինչպես նախկինում էր համարվում, թույլ էր տալիս խուսափել այդ շրջանում ծնված երեխայի հորը որոշելու հարցում սխալվելուց:





























