Հայաստան-ԵՄ հարաբերությունների նոր իրավական փաստաթղթի մշակման շուրջ բանակցությունների պաշտոնական մեկնարկը կարող է տրվել մինչեւ այս տարվա վերջը: Այդ մասին ասվել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների ծառայության Ռուսաստանի, Արեւելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության եւ ԵԱՀԿ հարցերով տնօրեն Գունար Վիգանդի հանդիպմանը:
Ինչպես NEWS.am-ին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից, ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը կարեւորեց Եվրոպական Միության խորհրդի կողմից Հայաստանի հետ հարաբերությունների նոր իրավական հիմքի ձեւավորման շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ Եվրոպական Հանձնաժողովին մանդատի տրամադրումը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Գունար Վիգանդը նշեց, որ բանակցությունների նախատեսվող մեկնարկը հնարավորություն է տալիս արդեն իսկ առկա հարուստ հիմքի վրա ձեւավորել փոխգործակցության նոր շրջանակ:
Էդվարդ Նալբանդյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը ավելի զարգացնել եւ ամրապնդել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համապարփակ համագործակցությունը։
Երկկողմ հույս հայտնվեց, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունների նոր իրավական փաստաթղթի մշակման շուրջ բանակցությունների պաշտոնական մեկնարկը կտրվի մինչեւ այս տարվա վերջը:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային զարգացումների, միջազգային օրակարգի հրատապ հարցերի շուրջ:





























