ԱՄՆ հետախուզությունում ենթադրում են, որ Սինայի թերակղզում ռուսական օդանավի կործանման պատճառն, ամենայն հանավականությամբ, օդանավում «Իսլամական պետության» գրոհայինների կողմից տեղադրված ռումբն է: Այս մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով անանուն պաշտոնյային:

Նման եզրակացության մասնագետները եկել են ելնելով հետախուզության հաշվետվություններից, որոնք ստացվել են նախքան կործանումը, ինչպես նաեւ դրանից հետո: Պաշտոնյաի խոսքով, նախքան միջադեպը, Սինայի շրջանում «բարձր ակտիվություն» է գրանցվել, որը գրավել է հատուկ ծառայությունների ուշադրությունը:

Մեկ այլ ամերիկացի պաշտոնյա հայտարարել է, որ հետախուզության այդ տվյալները հիմնվում են ԻՊ-ի ներքին հաղորդագրությունների մոնիթորինգի վրա, հաղորդում է Lenta.ru-ն:

Իր հերթին Associated Press-ը, վկայակոչելով իր աղբյուրները հաղորդում է, որ վարկածը, թե A321 օդանավը աղետի է ենթարկվել օդանավում ռումբի պայթյունի հետեւանքով, հիմնված է ԻՊ-ի ահաբեկիչների միջեւ բանակցությունների բովանդակության վրա, որոնք հայտնվել են հատուկ ծառայությունենրի տրամադրության տակ:

Իր հերթին Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակը չի բացառել, որ Սինայի հյուսիսում ռուսական A321 ինքնաթիռի կործանման պատճառ կարող էր դառնալ օդանավում ռումբի պայթյունը:

Միաժամանակ, Միացյալ Թագավորության իշխանությունները կոչ են արել չշտապել աղետի պատճառների շուրջ եզրահանգումներ անել՝ մինչեւ հետաքննության ավարտը: Այս մասին գրում էGazeta.ru-ն՝ վկայակոչելով Reuters գործակալությանը:

Մեծ Բրիտանիան ժամանակավորապես դադարեցրել է Սինայի թերակղզու տարածքի վրայով չվերթները: Բացի այդ, Շարմ էլ-Շեյխից Բրիտանիա իրականացվող չվերթները կհետաձգվեն, որպեսզի փորձագետները հնարավորություն ունենան վստահություն հայտնել թռիչքի անվտանգության հարցում:

Հոկտեմբերի 31-ին Շարմ-Էլ-Շեյխից Սանկտ Պետերբուրգ թռչող  «Կոգալիմավիայի»   Airbus A321-ն ընկել է Եգիպտոսի Սինայի թերակղզում, ինքնաթիռում գտնվող 217 ուղեւորը եւ անձնակազմի յոթ անդամները զոհվել են։