Հատուկ չվերթով այսօր՝ նոյեմբերի 5-ի երեկոյան, Մոսկվայից Երեւան կժամանեն Տուլայում ավտոբուսի վթարից տուժած 32 ուղեւոր. օդանավում կլինեն նաեւ վթարի 8 զոհերի մարմինները: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ՌԴ-ում ՀՀ դեսպանատնից:
Հայաստան ժամանողների ընդհանուր թիվը 59-ն է, որոնցից 10-ը կառավարական հանձնաժողովի անդամներն են, 17-ը՝ զոհված ուղեւորների հարազատները, իսկ 32-ը՝ տուժած ուղեւորները, որոնք հիվանդանոցում բուժօգնություն են ստացել եւ արդեն դուրս են գրվել:
Պատվիրակությունը Տուլայից Մոսկվա է մեկնելու Մոսկվայի ժամանակով 12:00-ին, Երեւանում կլինի 20:00-ի սահմաններում:
Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 3-ին, ժամը 02:10-ին, Տուլայի մարզի Ուզլովայա քաղաքի մոտ Մ-4 «Դոն» ավտոճանապարհի 221 կմ-ին Մոսկվայից Երեւան ուղեւորվող «Higer» ավտոբուսը վթարի է ենթարկվել։ Ավտոբուսում 59 ուղեւոր է եղել, որոնցից 8-ը, վերջին տվյալով, զոհվել է: Նրանցից 3-ը՝ Հրաչ Բադալյանը, Գագիկ Մանուկյանն ու Վարուժան Ստեփանյանը Գեղարքունիքի Գեղամավան, իսկ Արտաշես Հովհաննիսյանը՝ Ներքին գետաշեն համայնքներից, Սպարտակ Նալբանդյանը՝ Տավուշի Գանձաքար գյուղից, իսկ Գառնիկ Հակոբյանը՝ Լոռու մարզի Հարթագյուղ համայնքից:
Ներկայումս ոստիկաններն ուսումնասիրում են տրանսպորտային միջոցի տեխնիկական անսարքության տարբերակը՝ միաժամանակ չի բացառվում այն վարկածը, թե վարորդը քնել է ղեկին:
Նշենք, որ նոյեմբերի 4-ին Տուլայի դատարանը 2-ամսյա կալանավորել է Մոսկվա-Երեւան ավտոբուսի վարորդ Գառնիկ Հարությունյանին:





























