Տաջիկստանի տրանսպորտի նախարարությունը հերքել է տեղեկություններն այն մասին, որ Հարավային Սուդանում կործանված ԱՆ-12 օդանավը պատկանում էր տաջիկական ավիաընկերությանը։
«Կործանված օդանավը պատկանում էր Ala International LTD հայկական ընկերությանը, բայց նախկինում այն հաշվառված է եղել տաջիկական մասնավոր Asia Airways ընկերության ռեեստրում, որը հիմնականում զբաղվում էր բեռնափոխոխադրումներով եւ այս պահին չի գործում»,- լրագրողներին ասել է Տաջիկստանի տրանսպորտի նախարարության քաղավիացիայի վարչության պետ Յուսուֆ Ռահմոնովը։ Նա նշել է, որ, ըստ կնքած պայմանագրի, օդանավի՝ թռիչքների պիտանելիության պատասխանատվությունը կրում է հայկական ավիաընկերությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ավելի վաղ լրատվամիջոցներում լուրեր էին հայտնվել այն մասին, որ Հարավային Սուդանում կործանված օդանավը պատկանում էր տաջիկական ավիաընկերությանը։ Սակայն, Asia Airways-ի ղեկավար Նարզիքուլա Համրաեւի խոսքով, ընկերությունը պայմանագիր էր կնքել, որի համաձայն, օդանավը թռիչքներ էր իրականացնում Asia Airways-ի կոդով, սակայն իրականացնում էր ԱՄԷ-ում գրանցված ընկերության պատվերները։
Նշենք, որ ավելի վաղ Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի խոսնակ Ռուբեն Գրդզելյանը NEWS.am-ի թղթակցին հայտնել էր, որ ԱՆ-12 օդանավը հայկական գրանցում չունի, եւ Հայաստանում գրանցված ավիաընկերությունները նման ինքնաթիռ չունեն։
Ըստ մեր տեղեկությունների՝ օդանավը նախնական տեղեկություններով պատկանում էր «Տարոնավիա» ընկերության սեփականատեր Գառնիկ Պապիկյանին։ Պապիկյանն օդանավը տվել էր վարձակալության տաջիկակական ավիաընկերությանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին Հարավային Սուդանում կործանվել էր բեռնատար ԱՆ-12 օդանավը։ ԱՆ-12-ը վայր էր ընկել թռիչքից անմիջապես հետո եւ վնասելով բնակելի շինությունները՝ ընկել Նեղոս գետը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Հարավային Սուդանի նախագահի ներկայացուցիչ Աթենի Վեք Աթենին, ԱՆ-12-ում եղել է 18 մարդ, այդ թվում ՀՀ 5 քաղաքացի եւ մեկ ռուսաստանցի։ Նրանք բոլորը զոհվել են։





























