Հարավային Սուդանում կործանված ԱՆ-12 օդանավի զոհերը եղել են օդանավում, այլ ոչ թե երկրի վրա, ինչպես ավելի վաղ հաղորդվում էր։ Այս մասին հայտնում է Sudan Tribune-ը՝ վկայակոչելով Հարավային Սուդանի տրանսպորտի փոխնախարար Մարտին Դեւիդին։
«Դա բեռնատար օդանավ էր։ Այն նախատեսված չէր ուղեւորատար փոխադրումների համար։ Մենք չենք հասկանում, թե ինչու են բեռնատար օդանավում մարդիկ եղել։ Պետք է պարզել»,- ասել է Դեւիդը Sudan Tribune-ին։
Նա չի կարողացել նշել վթարի զոհերի կոնկրետ թիվը եւ կոչ է արել սպասել ավիացիոն ղեկավարության տեղեկություններին։ Նախնական տվյալներով՝ զոհվել է ավելի քան 40 մարդ։
«Համաձայն մեր ունեցած տեղեկությունների՝ օդանավի վերելքը նորմալ է եղել։ Ականատեսի վկայությամբ ձախ շարժիչը սկսել է մարել թռիչքից հետո, դրա հետ մեկտեղ նաեւ մյուսը։ Իսկ հետո օդանավը սկսել է ընկնել։ Այն կործանվել է գետի ափից մի քանի մետր հեռավորության վրա»,- ասել է Հարավային Սուդանի նախագահի մամուլի քարտուղար Աթենի Վեք Աթենին, փոխանցում է ՌԲԿ-ն։
ԱՆ-12-ը կործանվել էր նոյեմբերի 4-ին մայրաքաղաք Ջուբայի օդանավակայանից դուրս գալուց հետո։ Օդանավը ուղեւորվում էր Վերին Նեղոս նահանգի նավթահանքերը։ Զոհերի մեծ մասը նավթարդյունաբերության ոլորտի աշխատակիցներ են, փոխանցում է Sudan Tribune-ն։
Օդանավի անձնակազմում եղել են ՀՀ 5 քաղաքացի եւ մեկ ռուսաստանցի։
Ի սկզբանե հաղորդվում էր, որ 3 մարդ ողջ է մնացել, սակայն ավելի ուշ Հարավային Սուդանի տրանսպորտի, ճանապարհների եւ կամուրջների նախարար Հոն Քոոնգ Դանհեր Գաթլուակը հայտնել էր, որ վթարից հետո 3 հոգի փրկվել էին, սակայն հիմա կենդանի է մնացել միայն մեկ երեխա։ Հարավային Սուդանի նախագահի աշխատակազմի ղեկավար Աթենի Վեք Աթենին հայտնել էր, որ ԱՆ-12 օդանավում եղել է 18 մարդ։





























