Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի կործանիչը հոկտեմբերին ստիպված է եղել խախտել Թուրքիայի օդային տարածքը՝ անհայտ ՀՕՊ ցամաքային միջոցների պատճառով հակահրթիռային հնարքներ կատարելով։ Այս մասին հայտնել է ՌԴ ՌՏՈւ գլխավոր հրամանատար Վիկտոր Բոնդարեւը։
«Մեր օդանավն այնտեղ՝ Սիրիայի հյուսիսում, մարտական առաջադրանք էր կատարում։ Խիտ մառախուղ էր։ Երբ մեր կործանիչը անցնում էր Թուրքիայի սահմանի երկայնքով, սարքավորումները ցույց տվեցին, որ ՀՕՊ ինչ-որ ցամաքային միջոցներ փորձում են գրավել մարտական օդանավը։ Այդ պատճառով օդաչուն ստիպված էր հակահրթիռային հնարք գործադրել եւ խախտել Թուրքիայի օդային սահմանը, ինչը մենք ընդունել ենք»,- ասել է Բոնդարեւը «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին տված հարցազրույցում։
ՌԴ ՊՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ հոկտեմբերի 3-ին ռուսական Սու-30 օդանավը վատ եղանակային պայմանների պատճառով կարճ ժամանակով խախտել է Թուրքիայի օդային տարածքը։





























