Բանտարկյալների վաղաժամկետ ազատ արձակման հանձնաժողովի աշխատանքը կարելի է մեկ բառով կոչել աղետալի: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 5-ին, ԱԺ-ում 2016-ի պետական բյուջեի քննարկումների ժամանակ հայտարարել է ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
Նա նշել է, որ ԲՀԿ պատվիրակությունը վերջերս այցելել է քրեակատարողական հիմնարկներ եւ բարձրացրել բանտարկյալներին հուզող հարցերը:
«Միայն անցած շաբաթվա ընթացքում 13 նամակ ենք ստացել հանձնաժողովի գործունեության վերաբերյալ: Բավարար չէ՝ մարդուն մի անգամ դատապարտում են, մի անգամ էլ նվաստացնում են՝ հույս տալով, որ մի դրական փոփոխություն կլինի: Այդ հանձնաժողովի գործունեությունը դարձել է պարզապես աղետ՝ այն կամ պետք է լուծարել, կամ պետք է վերանայել նրա գործունեությունը՝ այն գիր-ղուշի տարբերակով ում դիմումը կուզենա, կբավարարի, իսկ որեւէ դիմումի բավարարման մեջ որեւէ տրամաբանություն չկա: Նման մոտեցումն անթույլատրելի է»,-ասել է Զոհրաբյանը:
Ի պատասխան ՄԻՊ-ի աշխատակազմի ղեկավար Տիգրան Արեյանը հայտնել է, որ օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը հանդիպել է ցմահ ազատազրկվածների հետ եւ շուտով հանդես է գալու հայտարարությամբ:
«Ցավոք, մեզ չի բավարարում նման պատասխանը, մենք շատ հաճախ ենք դա լսում: Մենք ցանկանում ենք տեսնել որեւէ լուծում, իսկ մինչ օրս որեւէ լուծում չի եղել»,-արձագանքել է ԲՀԿ խմբակցության ղեկավարը:





























