Սիրիայում մեկ ամսից ավել տեւող ռազմական գործողությունների ընթացքում Լաթաքիայի մոտակայքում գտնվող «Հմեյմիմ» ավիաբազայում տեղակայված ռուսական ավիախումբը ոչ մի կորուստ չի ունեցել: Այդ մասին «Կոմսոմոլսկայա պրավդային» տված հարցազրույցում ասել է ՌԴ ռազմատիեզերական ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Վիկտոր Բոնդարեւը։
Որոշ արտասահմանյան լրատվամիջոցերի՝ Սիրիայի երկնքում իբր խոցված ռուսական օդանավների եւ ուղղաթիռների մասին տեղեկությունները մեկնաբանելու խնդրանքին ի պատասխան գլխավոր հրամանատարն ասել է. «Ուզում են ցանկալին իրականի տեղ անցկացնել։ Պարզունակ կեղծարարություն է»։
Բոնդարեւը նաեւ հավաստիացրել է, որ Սիրիայում ռուսական ավիահարվածներ հասնելու ընթացքում քաղաքացիական որեւէ օբյեկտ չի տուժել։ «Ես կարող եմ 100 տոկոսով պնդել, որ նման բան չի կարող լինել։ Իսկ այն, որ ամերիկացիներն ու իրենց աջակիցները տարբեր բաներ են հորինում, կարելի էր սպասել», - ասել է գլխավոր հրամանատարը։
Նրա խոսքով, ռուս օդաչուները Սիրիայում բազմաթիվ աղբյուրներից են տեղեկություններ ստանում «Իսլամական պետության» եւ այլ ահաբեկչական խմբավորումների դիրքերի մասին։ «Նախ իհարկե տիեզերքից։ Երկրորդը՝ անօդաչու սարքերից։ Երրորդ՝ ավիացիոն հետախուզությունից։ Նաեւ օպերատիվ տեղեկատվություն ենք ստանում գործակալական հետախուզությունից։ Դրա համար էլ ամեն թիրախը, ամեն առաջադրանքը մանրամասնորեն ստուգում ենք, համաձայնեցնում ենք տեղի իշխանությունների, Սիրիայի ռազմական ուժերի գեներալների հետ եւ հետո նոր ամեն օբյեկտի վերաբերյալ որոշում ենք կայացնում», - ասել է Բոնդարեւը։





























