Նոյեմբերի 5-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի արեւելյան ուղղությամբ:

ԼՂՀ ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը եւ նրա դաշտային օգնականներ Եվգենի Շարովը /Ուկրաինա/ ու Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/, ինչպես նաեւ ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը /Շվեդիա/:

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Իրժի Աբերլեն /Չեխիա/ եւ ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլերը /Մեծ Բրիտանիա/:

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության եւ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

Հիշեցնենք, որ շփման գծում ԵԱՀԿ նախորդ դիտարկման ժամանակ, երին մասնակցում էին նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ադրբեջանական կողմից կրակոցներ են հնչել եւ համանախագահները ստիպված են եղել պատսպարվել: