Պակիստանի արեւելքում՝ Լահոր քաղաքում գործարանի փլուզման հետեւանքով մահացածների թիվն անցել է 20-ից ու փրկարարների կանխատեսումներով դեռ կարող է աճել: Այս մասին լրագրողներին հայտնել է Լահորի ոստիկանության ներկայացուցիչը:

Նրա խոսքով, տեղական ժամանակով ժամը 8:00-ին «հայտնաբերվել են ավելի քան 20 մահացածների դիեր, հաջողվել է փրկել 85 մարդու, շատերը դեռ փլատակների տակ են»: Փլատակներից դուրս բերված տուժածներին տեղափոխել են հիվանդանոց: Նրանցից առնվազն 15-ը օրհասական վիճակում են:

Որոշ տվյալներով՝ զոհերի շարքում կան նաեւ մինչեւ 10 տարեկան երեխաներ: Հայտնի է, որ զոհերից մեկը գործարանի սեփականատեր Ռանա Մուհամադ Աշրաֆն է, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Լահոր քաղաքի Սունդար արդյունաբերական գոտում գտնվող պլաստիկ փաթեթներ արտադրող Plastic Industries գործարանի չորս հարկանի շենքը , որտեղ ավելի քան 150 աշխատող կար, փլուզվել է նոյեմբերի 4-ի երեկոյան: Ավելի վաղ հայտնել էին 18 զոհի մասին

Ինչպես հայտնել են փրկարարներին տեղի բնակիչները՝ փլուզման պատճառ կարող էին դառնալ ճաքերը, որոնք առաջացել են շենքում հոկտեմբերի 26-ի երկրաշարժից հետո, որը 272 պակիստանցու կյանք էր խլել: