Հայաստանի կառավարությունը նոյեմբերի 5-ին այս տարվա ընթացքում արդեն 2-րդ անգամ մերժել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի՝ Թուրքային դատապարտելու մասին օրինագիծը։ Ինչպես ասված է ՀՀ ԱԳՆ եզրակացության մեջ, Կառավարությունը նպատակահարմար չի գտնում օրինագծի ընդունումը։

«Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի` Հայաստանի տարածքների բռնազավթումը (օկուպացիան) եւ հայերի Մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին» ՀՀ օրենքի նախագծում ասվում է, որ  Հայաստանի Հանրապետությունը դատապարտում է հայրենի բնօրրանի՝ Հայաստանի տարածքների բռնազավթումը (օկուպացիան) եւ հայերի Մեծ հայրենազրկումը Թուրքիայի Հանրապետության կողմից։ Հայ ժողովուրդը ճանաչում է պատմական Հայաստանի հողերի նկատմամբ իր անքակտելի իրավունքը եւ պահպանում է տարածքային, բարոյական եւ նյութական պահանջների իրականացման ձգտումը։ Հայ ժողովուրդը հաստատում է Թուրքիայի Հանրապետության կողմից բռնազավթված Հայաստանի պատմական տարածքում հայկական պետականության վերականգման իրավունքը։