Տուլայի մոտ ավտոբուսի վթարից տուժածների (որոնք այսօր հատուկ օդանավով տեղափոխվել ու են Երեւան) ամբողջ ծավալով բժշկական օգնությունը եւ վերականգնողական բուժումն իրականացվելու է նեղ մասնագիտացված հաստատություններում: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Նշենք, որ տուժածների տեղափոխումը կազմակերպելու եւ աշխատանքները տեղում համակարգելու նպատակով շարունակվում են Ուզլովսկի քաղաքի մոտ Մոսկվա-Երեւան ուղղությամբ ուղեւորատար ավտոբուսի վթարի կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովի հանդիպումները տուժողների եւ նրանց հարազատների հետ:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի եւ Տուլայի շրջանի առողջապահության նախարար Օլգա Ավանեսյանի մասնակցությամբ հրավիրվել էր բժշկական կոնսիլիում, որի ընթացքում հստակեցվել են տուժածների հետագա բուժման հարցերը, առանձնացվել են այն հիվանդները, որոնց բուժման գործընթացը հնարավոր է շարունակել Հայաստանում:

«Վերահսկողության եւ ճիշտ բուժման շնորհիվ դրական դինամիկա է առկա նույնիսկ վերակենդանացման բաժանմունքում գտնվող հիվանդների մոտ: Ընդհանուր առմամբ` մեր խնդիրն է հասկանալ յուրաքանչյուր հիվանդի ճակատագիրը` նա մնում է Տուլայում, տեղափոխվում Մոսկվա թե Երեւան»,- ասել է նախարար Մուրադյանը՝ հավելելով, որ առկա պայմանավորվածության համաձայն անհրաժեշտության դեպքում տուժածների բուժումը կշարունակվի նաեւ Մոսկվայի առաջատար կլինիկաներում:

Ինքնաթիռով Երեւան կգան նաեւ այն վիրավորները, որոնց առողջական վիճակը բժիշկների գնահատմամբ թույլ է տալիս տեղափոխում: Մյուս վիրավորների, այդ թվում՝ վերակենդանացման բաժանմունքներում գտնվողների բուժումը կշարունակվի այնքան ժամանակ, մինչեւ նրանց առողջական վիճակը եւս թույլ կտա տեղափոխվել Հայաստան:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հայտնի են Տուլայում Երեւան-Մոսկվա ավտոբուսի վթարից տուժածների անունները, որոնք այսօր՝ նոյեմբերի 5-ին հատուկ չվերթով կտեղափոխվեն Հայաստան:

Մասնավորապես, Երեւան կտեղափոխվեն 8 զոհերի մարմինները, ինչպես նաեւ տուժածներից 33-ը: