Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հնարավորություն է տալիս Հայաստանում կենսունակ ընդդիմություն ձեւավորել։ Այդ մասին նոյեմբերի 5-ին, հայտնել է իշխող Հանրապետական կուսակցությունից Ազգային ժողովի պատգամավոր, Ֆինանսավարկային մշտական հանձնաժողովի անդամ Խոսրով Հարությունյանը։ 

Նրա խոսքով, ներկայիս Սահմանադրությունը, ինչպես եւ 1995-ինը, մեկ անձի անսահմանափակ իշխանություն է ապահովում։   «Նախագահն իր կամքից անկախ նաեւ գործադիր իշխանության ղեկավար է դառնում, այսինքն չի կարող իշխանության երեք ճյուղերի տարանջատման երաշխավոր լինել։  Ներկայիս Սահմանադրությունը չի նպաստում նաեւ կենսունակ ընդդիմության գոյությանը», - ընդգծել է Խոսրով Հարությունյանը։

Սահմանադրության առաջարկվող փոփոխությունները, շարունակել է պատգամավորը, հնարավորություն են տալիս կարեւորագույն օրենքներն ընդունել ոչ թե պարզ մեծամասնությամբ, այլ ձայների 3/5-րդով։ Նրա համոզմամբ, դա նշանակում է,  ոչ միայն հաշվի առնել ընդդիմության կարծիքը, այլեւ այն, որ ընդդիմադիր ուժերը պիտի մասնակցեն քվեարկությանը։ 

Անդրադառնալով ընդդիմության հայտարարություններին այն մասին, որ սահմանադրական փոփոխությունները ուղղված են իշխանության վերարտադրությանը, Հարությունյանը նշել է. «Եթե ընդդիմադիր ուժերն ի վիճակի չեն քաղաքական դաշինք ձեւավորել, ի՞նչ մեղք ունի Սերժ Սարգսյանը։  Այդ հայտարարությունները քարոզարշավը զրկում են ցանկացած արժեքից։   Կարծում եմ, որ քարոզարշավը պետք է հույզերից հեռու պահել։ Դա քաղաքական գործընթացն ավելի արդյունավետ կդարձնի»։