ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի պատգամավորները, որոնց վաղուց են կաշառել ադրբեջանական խավիարով ու դոլարներով, հերթական փաստաթուղթն են նախապատրաստում Ղարաբաղի խաղաղության դեմ: Այս մասին նոյեմբերի 5-ին խորհրդարանում լրագրողներին հայտնել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը՝ մեկնաբանելով բրիտանացի պատգամավոր Ռոբերթ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում ու Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» վերնագրով զեկույցը, որը Քաղաքական հանձնաժողովն ընդգրկել է լիագումար նիստի օրակարգում:
«Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նպատակն է հերթական անգամ վնասել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին: Նրանք հերթական անգամ ուղղակի լարվածություն են ստեղծում միջազգային հարթակներում հայ ու ադրբեջանական պատվիրակությունների միջեւ: Իսկ դրանից հետո ԵԱՀԿ Մինսկի խումբը հերթական անգամ կողմերին կոչ կանի ընդառաջ գնալ իրար: Նման քայլերով վստահության մթնոլորտ չես ստեղծի: Սա թիկունքից հասցված հարված է Մինսկի խմբի աշխատանքին»,-շեշտել է նա:
«Ոչ մեկի համար արդեն գաղտնիք չէ, որ ԵԽԽՎ-ն վաղուց է վերածվել ադրբեջանական մեջլիսի դուստր ձեռնարկության, հատկապես Քաղաքական հանձնաժողովը, քանի որ Ադրբեջանը հենց նրա վրա է կենտրոնացրել իր բոլոր քարոզչական, խավիարային-դիվանագիտական ու խավիարա- դոլարային պաշարները: Հենց այս հանձնաժողովով են անցնում Ադրբեջանի համար կենսական նշանակության նախագծերը, որոնք այդ երկիրը հետեւողականորեն ձգտում է ձախողել: Այդ թվում քաղբանտարկյալների մասին զեկույցը: ԵԽԽՎ Քաղաքական հանձնաժողովի պատգամավորների զգալի մասը Ադրբեջանից ամրագրված վարձատրություն է ստանում: Սա արդեն ապացուցված փաստ է, ու նման հրապարակումներ կան տարբեր երկրների մամուլում»,- նշել է Նաիրա Զոհրաբյանը:
Նրա խոսքով բանաձեւի նախագծի հետագա ճակատագիրը կախված է Եվրոպայի խորհրդի խորհրդարանականների սթափ դատողությունից, որոնք պետք է հասկանան, որ նման փաստաթղթի ընդունումը կհանգեցնի սահմաններին լարվածության աճին ու կխանգարի հակամարտության խաղաղ կարգավորմանը, էլ ավելի կսրի հայկական ու ադրբեջանական պատվիրակությունների առանց այդ էլ լարված հարաբերությունները:





























