ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունն օրինագիծ է պատրաստում ցամաքային ուղեւորատար փոխադրումների վերահսկողությունը խստացնելու համար։ Այս մասի նոյեմբերի 5-ին կայացած կառավարության նիստից հետո լրագրողներին ասել է ՀՀ կապի եւ տրանսպորտի փոխնախարար Արթուր Առաքելյան։
Նրա խոսքով՝ ներկայումս կանոնավոր փոխադրումները, այդ թվում՝ միջազգային փոխադրումներն իրականացվում են մրցութային հիմքի վրա։ Սակայն կանոնավոր փոխադրումների հետ մեկտեղ գործում են նաեւ ոչ կանոնավոր փոխադրումներ, որտեղ պետության միջամտությունը սահմանափակ է։
«Կանոնավոր փոխադրումներն իրականացվում են ավտոկայարանից գրաֆիկով, վարորդի առողջական վիճակի զննումով, ճանապարհին կանգառների մասին եւ մեքենայի գտնվելու վայրի մասին տեղեկություններով։ Ոչ կանոնավոր փոխադրումները նրանք են, երբ դուք ինչ-որ տեղ եք գնում, գումար եք վճարում, եւ ձեզ տանում են Ա կետից Բ կետը։ Երկրորդ տիպի փոխադրումների վրա մենք քիչ ազդեցություն ունենք, եւ մենք ցանկանում ենք փոխել իրավիճակը, որպեսզի բարձրացնենք քաղաքացիների ապահովության աստիճանը»,- հավելել է Առաքելյանը։
Նա կոչ է արել չշտապել Տուլայի վթարի մեղավորների հարցում եզրակացություններ անելիս, մինչեւ ՌԴ իրավապահ մարմինները ավարտին չհասցնեն նախաքննությունը։ «Հայկական կողմն ուշադիր հետեւում է գործի ընթացքին»,- վստահեցրել է փոխնախարարը։





























