Սինայի թերակղզում ռուսական A321 օդանավի վթարի պատճառների մասին վարկածներ առաջ քաշել կարող է միայն քննությունը։  Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով

Մեծ Բրիտանիայի իշխանությունների հայտարարությունը, թե աղետի պատճառ կարող էր լինել օդանավում ռումբի պայթյունը։ Նման ենթադրությունները «այսպես ասենք, չճշտված տեղեկություններ են կամ էլ՝ շահարկում», նշել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»։

Ճշգրտող հարցին, թե Կրեմլը համամի՞տ է Մեծ Բրիտանիայի մտավախություններին այդ առողջարանային քաղաք թռչող քաղաքացիական օդանավերին սպառնացող վտանգի մասին, Պեսկովը պատասխանել է.  «Ռուսական օդանավերը շարունակում են չվերթներ իրականացնել»։

«Կոգալիմավիա» ընկերության A321 օդանավը հոկտեմբերի 31-ին ընկել է Սինայի թերակղզու վրա։ Ինքնաթիռում  224 մարդ է եղել, որոնք բոլորը զոհվել են։