Ադրբեջանը դարձյալ պահանջներ է ներկայացնում ԵԱՀԿ-ին՝ նրան մեղադրելով նոյեմբերի 1-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների մոնիտորինգ չանցկացնելու համար։  

Ինչպես ասվում է ԵԱՀԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչության հայտարարության մեջ, Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը, հրաժարվելով Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնել, իր մանդատի խախտման բացասական նախադեպ է ստեղծել։ 

 «ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը եւ Խորհրդարանական վեհաժողովը  իրենք իրենց մեկուսացնելով Ադրբեջանի ընտրական գործընթացից, այսօր արդեն երկրում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում իրենց դերի վերաբերյալ քննարկումների  նշանակալի տեղ չեն թողնում։  Իրականում մենք այս դեպքը դիտարկում ենք որպես Ադրբեջանին ընտրությունների հարցում օգնելու ԵԱՀԿ-ի բաց թողնված հնարավորություն, չնայած դա մտնում է ԺՀՄԻԳ-ի պարտավորությունների մեջ», - նշվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ իրականությունը շատ տարբեր է նրանից, ինչ փորձում է ներկայացնել ադրբեջանական կողմը։ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը պնդում էր, որ վերահսկիչ խումբը կազմված լինի մեծ թվով դիտորդներից, ինչը Ադրբեջանը մերժել էր։