Airbus А321 օդանավի պարամետրիկ ինքնագրիչի վերծանումը չի օգնել հետաքննությանը բացահայտել կործանման պատճառները։ Ինչպես հայտնում է «Կոմերսանտ»-ը, վկայակոչելով հետաքննության իր աղբյուրները, օդանավի բոլոր համակարգերի աշխատանքը դադարել է պոչամասը պոկվելուց վայրկյաններ անց. ինքնագրիչները գտնվում էին հենց պոչի հատվածում։ Օդանավում աղետալի իրավիճակն այնքան արագ է զարգացել, որ օդաչուներն ամենայն հավանականությամբ նույնպես չեն հասցրել արձագանքել։ Այդ պատճառով անօգուտ են նաեւ օդաչուների խոսակցության ձայնագրությունները, որոնք նույնպես սաստիկ վնասվել են։
«Ռոսավիացիայի» ղեկավար Ալեքսանդր Ներադկոն հայտնել է, որ Կահիրեում վերծանել են А321 օդանավի պարամետրիկ ինքնագրիչը, իսկ փորձագետները սկսել են վերլուծել դրա տվյալները։ Մոտ ժամանակներս կստացվեն նաեւ «սեւ արկղերի» տեղեկությունները, որոնք ձայնագրել են օդաչուների եւ դիսպետչերների խոսակցությունը։
Աղբյուրների փոխանցմամբ՝ վերծանման արդյունքները քիչ բանով են օգնել հետաքննությանը։ Ինքնագրիչները ցույց են տվել, որ ողջ թռիչքի ընթացքում՝ 20 րոպե շարունակ, օդանավն անխափան աշխատել է։ Ավտոպիլոտի դրված օդանավը գրեթե հավաքել էր անհրաժեշտ բարձրությունը հետին էշելոնի վրա կագնելու համար։ Սակայն հետո անհասկանալի բան է կատարվել, որից հետո օդանավի բոլոր համակարգերի աշխատանքը խափանվել է։ Դրա պատճառները կարող են պարզել միայն լրացուցիչ հետազոտությունները։
Փորձագետները ենթադրում են, որ նման բան կարող էր տեղի ունենալ օդանավի սրահի պայթյունավտանգ ապահերմետիկացման պատճառով, ինչի հետեւանքով ֆյուզելյաժից պոկվել է նրա պոչամասը։
Ակնհայտ է, որ պարամետրիկ ինքնագրիչների կարեւոր տեղեկության բացակայությունն էլ հենց բացատրում է Ալեքսնադր Ներադկոյի այն հայտարարությունը, որ վթարի պատճառների մասին առաջին եզրակացությունները կարելի է անել միայն ամիսներ անց։ Փորձագետները հայտնել են, որ այդ ընթացքում իրենք պլանավորում են ստանալ օդաչուների խոսակցությունների ձայնագրությունները, դուրս բերել օդանավի բեկորները դեպքի վայրից եւ դրանցից կազմել օդանավի լիամասշտաբ մակետը։ Հենց դրա վրա հնարավոր կլինի գտնել հնարավոր խոտանները, ինչպես օրինակ, երկարաժամկետ շահագործման արդյունքում մետաղի դեֆորմացիայի պատճառով կորպուսի անջատումը կամ բեռնախցում ռումբի առկայությունը։




























