Հայաստանի առողջապահության նախարարությունը հեպատիտի ու ՄԻԱՎ-ի ներհիվանդանոցային բռնկումները կանխելու ընթացակարգեր է ներդրել: Այս մասին նոյեմբերի 6-ին, խորհրդարանում՝ 2016 թ . պետբյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտնել է ՀՀ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Նա նշել է, որ Հայաստանում կառուցվող բոլոր նոր հիվանդանոցները պետք է պարտադիր ունենան վարակի ներհիվանդանոցային տարածման պայքարի մեխանիզմներ: Նույնը վերաբերում է նաեւ այն հիվանդանոցներին, որոնք հայտ են ներկայացնում պետպատվերին մասնակցելու համար:

«Այսպիսով՝ մեզ կհաջողվի կանխել հեպատիտ B, C -ի ու ՄԻԱՎ վարակի ներհիվանդանոցային տարածումը: Ապագայում այդ ընթացակարգերը հնարավոր կլինի ավելի արդյունավետ դարձնել էլեկտրոնային առողջապահության օգնությամբ», հավելել է Մուրադյանը: