Ազատամարտիկ, 6,5 տարվա ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանի ընկերները ստորագրահավաք են սկսել, որով նրան ու արդեն մեկ շաբաթից ավելի՝ հացադուլի մեջ գտնվող մյուս դատապարտյալներին խնդրում են դադարեցնել հացադուլը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Իրավունք և աջակցություն»  հիմնադրամի տնօրեն, Վոլոդյա Ավետիսյանի ընկեր Գագիկ Սարուխանյանը:

«Նրանց բոլորի առողջությունը շատ կարեւոր է մեզ բոլորիս համար: Վոլոդյան շատ ակտիվ անձնավորություն է, հետագա Հայաստանի համար շատ պիտանի անձնավորություն է: Իշխանությունում չկա մի անհատ, որ արժանի լինի, որ մեր ընկերներն իր համար առողջությունը վտանգեն»,- ասաց Գագիկ Սարուխանյանը:

Գագիկ Սարուխանյանի խոսքով՝ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հայտարարությունը, որ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման խնդիրը պետք է վերանայվի,  վկայում է այն մասին, որ Վոլոդյա Ավետիսյանի եւ մյուսների հացադուլը արդյունք է տվել:

«Վոլոդյա Ավետիսյանի գործողություններն իրենց ազդեցությունը թողել են: Սա այն մասին է խոսում, որ կալանավայրում գործող ընդդիմադիր գործիչը կարողանոըմ է այնպես անել, որ իշխանությունները փոփոխությունների գնան»,- ասաց Գագիկ Սարուխանյանը:

Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը հացադուլ է հայտարարել հոկտեմբերի 30-ին՝ այն բանից հետո, երբ պատիժը կրելուց պայմանական վաղակետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովը երկրորդ անգամ մերժել էր իր դիմումը: Նրան էին միացել եւս 7 դատապարտյալ, որոնցից երկուսն արդեն դադարեցրել են հացադուլը: Այս պահին հացադուլավորների թիվը 6-ն է: