ՀՀ Հանրային խորհուրդը պատրաստվում է քաղավիացիայի հիմնախնդիրներին վերաբերող հարցերը քննարկել ՀՀ նախագահի հետ հանդիպման ժամանակ: Այս մասին որոշում է կայացվել նոյեմբերի 5-ին Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստում:
Խորհրդի անդամները եւս մեկ անգամ անդրադարձել են Հայաստանի քաղավիացիայի հիմնախնդիրներին եւ Հարավային Սուդանում նոյեմբերի 4-ին տեղի ունեցած ավիավթարին զոհ դարձած 5 հայ օդաչուների խնդիրը դիտարկել Հայաստանում քաղավիացիայի ոլորտում առկա ճգնաժամի համատեքստում: Քաղավիացիայի հարցը ներառվել է ՀԽ լիագումար նիստի օրակարգ եւ ընդգծվել, որ այն կքննարկվի նաեւ ՀՀ նախագահի հետ հանդիպման ժամանակ:
Այնուհետեւ խորհրդի անդամները քննարկել են ՀՀ հարկային օրենսդրությանն ու փոքր եւ միջին բիզնեսին առնչվող մի շարք հարցեր: ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանն առաջարկել է բարձրացված հարցերի վերաբերյալ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության հետ համատեղ կազմակերպել քննարկում եւ լսել նաեւ գործարարների մտահոգություններն ու առաջարկները:





























