Սննդամթերքի անվտանգության ոլորտում հայ-չինական համագործակցությունը ընդլայնելու նախադրյալներ կան: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 6-ին, ՀՀ-ում Չինաստանի դեսպանատան առեւտրատնտեսական հարցերով խորհրդական Ուան Շիցայի եւ առաջին քարտուղար Ուան Շուզենի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը:
ՍԱՊԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Արմեն Հայրապետյանը, ողջունելով հյուրերին, նշել է, որ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության եւ դեսպանատան առեւտրատնտեսական հարցերով գրասենյակի միջեւ ձեւավորվել է ակտիվ համագործակցություն, եւ որ կան հետագայում այն նոր ուղղություններով զարգացնելու բոլոր նախադրյալները:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Ծառայության նոր ծրագրերն ու հատկապես լաբորատոր կարողությունների զարգացմանն ուղղված քայլերը: Ուան Շիցայը տեխնիկական աջակցության պատրաստակամություն հայտնեց, ինչպես նաեւ առաջարկեց համատեղ ուսուցման ծրագրեր իրականացնել:
Քննարկվեցին նաեւ արտահանմանն ու ներմուծմանն առնչվող հարցեր, անդրադարձ եղավ ալկոհոլային խմիչքների արտահանման գործընթացի կազմակերպմանը՝ հաշվի առնելով, որ ալկոհոլային խմիչքների վերահսկման լիազորությունը վերջերս տրվել է Ծառայությանը:
Փաստելով, որ երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության ներուժը բավականին մեծ է, այդ թվում եւ՝ սննդամթերքի ոլորտում, կողմերը համագործակցությունը հետագայում շարունակելու եւ ընդլայնելու պատրաստակամություն հայտնեցին:





























