Բիզնես ինովացիոն 3-րդ ֆորումի շրջանակներում փորձ կարվի մեկտեղել միջազգային փորձն ու Հայաստանի ինովացիոն քաղաքականությունը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 6-ին, մամուլի ասուլիսին հայտարարեցին Բիզնես ինովացիոն ֆորումի կազմակերպիչ՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ)  գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը եւ ֆորումի գլխավոր հովանավոր՝ BetConstruct ընկերության գլխավոր տնօրեն Հարություն Համբարձումյանը:

Նշվեց, որ Բիզնես ինովացիոն 3-րդ ֆորումն այս  տարի տեղի կունենա նոյեմբերի 13-14-ը՝ Դիլիջան քաղաքի «Դիլիջան» առողջարանային համալիրում եւ կանցկացվի  «Հայաստան 20.18-2018թ.՝ Հայաստանը 20 ամենանորարար երկրների շարքում» խորագրի ներքո:

Երկօրյա ինովացիոն ֆորումի ժամանակ կներկայացվի տեղական եւ համաշխարհային փորձը, կլինեն գործնական քննարկումներ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ եւ կտրվեն համապատասխան լուծումներ 2018թ. Հայաստանը 20 ամենանորարար երկրների շարքում դիրքավորելու համար:

ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշեց.  «Բիզնես ինովացիոն ֆորումի շրջանակներում մենք փորձում ենք մեկտեղել միջազգային փորձն ու Հայաստանի ինովացիոն քաղաքականությունը: Բացի այդ, նպատակ ունենք նաեւ համահունչ դարձնել բիզնեսի ու պետական մարմինների քայլերը հայաստանյան ինովացիոն ոլորտում»:

Բիզնես ինովացիոն ֆորումի  գլխավոր հովանավոր՝ BetConstruct ընկերության գլխավոր տնօրեն Հարություն Համբարձումյանն ասաց. «Արդեն երկրորդ տարին է BetConstruct ընկերությունը  հովանավորում է այս ֆորումը, եւ դա պատահական չէ։ Այս տարի մեր ընկերությունը խաղային ինդուստրիայի ոլորտի միջազգային ամենահեղինակավոր մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվել է «Տարվա Ինովատոր»։ Ինովացիան մեր հաջողության գրավականն է եւ, համոզված եմ, այն կենսական նշանակություն ունի Հայաստանի եւ հայկական ընկերությունների զարգացման համար»:

Երկօրյա ինովացիոն ֆորումի հիմնական խոսնակները կլինեն տեղական եւ միջազգային հեղինակավոր ընկերությունների ներկայացուցիչները, այդ թվում  Իսրայելի առաջատար ձեռնարկատերերից  մեկը՝ Ելենա Դոնեթսը:  Ե. Դոնեթսը նաեւ Իսրայելի StartAU համալսարանի ձեռներեցության կենտրոնի գործադիր տնօրենն է:

Այս տարի ինովացիոն ֆորումի թեմատիկ ուղղություններն են՝

• ինովացիոն էկոհամակարգեր

• ինովացիա եւ կրթություն

• ինովացիա եւ ձեռներեցություն։

Կ. Վարդանյանը նաեւ հավելեց, որ միության միջոցառումները ուղղված են նրան, որպեսզի  Հայաստանը ճանաչելի դառնա միջազգային շուկայում: ԻՏՁՄ իր առջեւ դրված նպատակներին հասնելու համար բացի ինովացիոն ֆորումից ձեռնարկում է մի շարք այլ միջոցառումներ, մասնավորապես ՀՀ դպրոցներում ինժեներական եւ ռոբոտաշինական խմբկաների ներդրումը, «Ինչու՞ Հայաստան» կոնցեպտի կիրառումը եւ այլն:

Հայաստանը ինժեներական լուծումների հսկայական ներուժ ունի, որը համապատասխան կերպով չի ներկայացվում շուկայում:  Միջազգային գործարար շփումների ժամանակ հաճախ հնչող այն հարցին, թե ինչու՞ պետք է համագործակցել հատկապես հայկական ընկերությունների հետ, ԻՏՁՄ-ն հստակ պատասխանում է, որովհետեւ Հայաստանը կարող է տրամադրել  անակնկալ ինժեներական լուծումներ, որոնք աչքի են ընկնում որակով, կրեատիվությամբ եւ ճկունությանբ: