Թուրքիան չի պատերազմում քրդական բնակչության դեմ, թուրքական կառավարությունը ահաբեկչական կազմակերպությունների դեմ է պայքարում: «ՆԱՏՕ-ի շաբաթներ» միջոցառման շրջանակում Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ նոյեմբերի 6-ին այս մասին հայտնել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ ու լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը՝ անդրադառնալով երկրի քրդական բնակչության դեմ Թուրքիայի կողմից փաստացի ռազմական գործողությունների իրականացման եւ այս համատեքստում ՆԱՏՕ-ի երկակի չափորոշիչների վերաբերյալ հարցին:

ՆԱՏՕ-ի միջազգային քարտուղարության ներկայացուցիչ Սթեֆան Էլգերսման էլ իր հերթին նշել է . «Մենք, որպես միջազգային կազմակերպության ներկայացուցիչներ, աշխատում ենք 28 երկրների համար: Դուք երբեք չեք տեսնի, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարությունը կամ էլ նրա աշխատակազմի որեւէ ներկայացուցիչ մեկնաբանեն Հյուսիսատլանտյան դաշինքի առանձին անդամ երկրի՝ այդ թվում Թուրքիայի ներքաղաքական իրավիճակը»: