Պետք չէ թերագնահատել «սեւ» Աֆրիկայի տարածաշրջանի նշանակությունը Հայաստանի համար։ Այս մասին նոյեմբերի 6-ին ՀՀ խորհրդարանում ասել է կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ մեկնաբանելով Հայաստանի եւ Բենինի միջեւ կրթության համագործակցության մասին համաձայնագիրը, որը հավանություն է ստացել նոյեմբերի 5-ին կայացած Կառավարության նիստում։
«Պետք չէ կարծատիպերով մտածել։ Պետք է հիշել, որ Աֆրիկան զգալի առաջ է գնացել այդ թվում եւ կրթության ոլորտում։ Ընդ որում խոսքը նաեւ այսպես կոչված «սեւ» Աֆրիկայի մասին է՝ Սահարայից հարավ»,- ասել է նախարարը։
Նրա խոսքով՝ պակաս կարեւոր չէ նաեւ նոր երկրի հետ քաղաքական կապի գործոնը։ Պետք է հիշել ՄԱԿ-ում քվեարկության սկզբունքի մասին՝ մեկ երկիր մեկ ձայն։
«Հենց այդ պատճառով մեզ համար կարեւոր է ե՛ւ Սան Տոմեն, ե՛ւ Պրինսիպին, ե՛ւ Տոգոն, ե՛ւ առհասարակ ցանկացած երկիր։ Կապեր հաստատել, նշանակում է ճանաչելի դառնալ։ Իսկ դա կարող է վճռորոշ դեր խաղալ մեզ վերաբերող բանաձեւերի քվեարկության ժամանակ։ Սակայն չպետք է աչքաթող անել համագործակցության զուտ կրթական կողմը։ Ոչ ոք չի կարող ասել, որ մեզ հետաքրքիր չէ Աֆրիկայում գյուղատնտեսության փորձը կամ բժշկությունը»,- ասել է Աշոտյանը։





























