Հայաստանը շարունակաբար հրավիրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուշադրությունը հարեւան Ադրբեջանում գտնվող հայկական մշակութային ժառանգության ողբալի իրավիճակի վրա: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 6-ին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 38-րդ նստաշրջանի ընթացքում իր ելույթում նշել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նա իր ելույթում մասնավորապես, ասել է.

«Կազմակերպության 70-րդ տարեդարձի կապակցությամբ Հայաստանը հյուրընկալել է «Մշակութային քաղաքականություն. քաղաքականություն մշակույթի համար. մշակույթի դերը կայուն զարգացման գործում 2015թ. հետո» միջազգային համաժողովը, որին մասնակցել են 40-ից ավելի երկրների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Համաժողովի կողմից ընդունված «Երեւանյան հռչակագիրը» դատապարտում է մարդկության մշակութային ժառանգության գանձերի ոչնչացումը: Դժբախտաբար, այսօր այս հարցը դարձել է առավել քան երբեւէ հրատապ: Այս կապակցությամբ, Մերձավոր Արեւելքում ներկայիս իրավիճակը խորին մտահոգություն է հարուցում:

Ահաբեկիչների կողմից բազմաթիվ իսլամական սրբավայրերի ոչնչացումը, հինավուրց Պալմիրայի եւ Նիմրուդի մշակութային կոթողների ավիրումը, Հայոց ցեղասպանության բազմաթիվ զոհերի մասունքներն ամփոփող Դեյր էլ Զորի Սրբոց նահատակաց եկեղեցու պայթեցումը եւ նմանօրինակ այլ վայրագությունները քաղաքակրթության դեմ գործված հանցանքներ են: Դրանք հիշեցնում են նմանատիպ բարբարոսությունները՝ Բամիասի Բուդդայի արձանների, Տիմբուկտուի դամբարանների, Նախիջեւանում հայկական միջնադարյան հազարավոր խաչքարերի եւ այլ հուշարձանների ոչնչացումը: Այս ոճիրները ժամանակին չպատժվեցին՝ ճանապարհ հարթելով նոր հանցագործությունների համար: Պատմությունն վկայում է, որ անպատժելիությունը նոր ոճրագործություններ է ծնում:

Պարո՛ն նախագահ,

Մի դարաշրջանում, երբ մարդու իրավունքների պաշտպանությունը եւ խթանումը քաղաքակիրթ աշխարհի համար առանցքային հասկացություն են հանդիսանում, այլ քաղաքակրթություններին պատկանող արժեքների նկատմամբ անհանդուրժողականությունը, մշակութային եւ կրոնական ժառանգության կանխամտածված վնասումը կամ ոչնչացումը պետք է դատապարտվեն միեւնույն վճռականությամբ, ինչ մարդկանց դեմ բռնությունը: Միջազգային հանրությունը պետք է վճռականորեն եւ անհապաղ գործի՝ պաշտպանելու համար այն, ինչ դեռեւս հնարավոր է պահպանել:

Պարո՛ն նախագահ,

Հայաստանը շարունակաբար հրավիրել է այս բարձր մարմնի ուշադրությունը հարեւան Ադրբեջանում գտնվող հայկական մշակութային ժառանգության ողբալի իրավիճակի վրա: Միայն Նախիջեւանի շրջանում հազարավոր միջնադարյան խաչքարեր, հարյուրավոր հայկական եկեղեցիներ, վանքեր եւ այլ սրբավայրեր ամբողջությամբ ոչնչացվել են Ադրբեջանի կողմից, ինչը նպատակ է հետապնդում վերացնել այն ժողովրդի հետքերը, որը դարեր շարունակ բնակվել է այս շրջանում եւ ովքեր այն կոչել են «Նախիջեւան», ինչը հայերեն տառացիորեն նշանակում է «առաջին իջեւան»՝ նկատի ունենալով աստվածաշնչյան Նոյի իջեւանած առաջին վայրը։

Վերջերս Միջազգային կրոնական ազատության հարցերով ԱՄՆ հանձնաժողովը 2015թ. համար իր հրապարակած զեկույցում, խոսելով Նախիջեւանում վանդալիզմի ենթարկված հայկական գերեզմանատան մասին, արձանագրում է, որ Ադրբեջանում կրոնական ազատության հետ կապված իրավիճակը շարունակում է վատթարանալ՝ օրինակ բերելով Բաքվում կանգուն մնացած միակ հայկական եկեղեցին, որն այս պահին օգտագործվում է որպես նախագահի աշխատակազմի արխիվ, եւ բռնագրավված Լյութերանական եկեղեցին, որը վերածվել է համերգասրահի: Եթե մենք՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն եւ այլ միջազգային կազմակերպությունները, քայլեր չձեռնարկենք այսօր, ինչպիսի՞ ապագա է վաղը սպասվում այս եւ բազմաթիվ այլ վտանգված հուշարձաններին:

Որպես վերոնշյալի վառ հակապատկեր՝ հարեւան Իրանը լուրջ քայլեր է ձեռնարկում հայկական մշակութային ժառանգության պահպանման եւ պաշտպանության ուղղությամբ: Իրանում գտնվող հայկական վանական համալիրները, որոնցից ամենահինը թվագրվում է 7-րդ դարով, Իրանի կառավարության կողմից ներառվել են Համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում: Իր հերթին, Հայաստանը վերանորոգել է 18-րդ դարի իրանական Կապույտ մզկիթը Երեւանում եւ մտադրվում է այն ներառել Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկի մեջ:

Հայաստանը ջանում է իր ներդրումն ունենալ համաշխարհային մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված ջանքերում, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համապատասխան մարմիններում կառուցողական ներգրավվածության միջոցով: 2013թ. Հայաստանը դարձավ Զինված ընդհարումների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության հարցերով կոմիտեի անդամ: Մեկ տարի անց մենք ընտրվեցինք այդ Կոմիտեի բյուրոյի փոխնախագահ: Այս տարի Հայաստանը դարձավ Մշակութային արժեքների ապօրինի ներմուծումը, արտահանումը եւ դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումն արգելելու եւ կանխելու միջոցների մասին կոնվենցիայի իրականացման հանձնաժողովի անդամ: