Որտե՞ղ են այն ահռելի «Ոչ»-երը, որոնք դուրս են եկել փողոց եւ պայքարում են սահմանադրական փոփոխությունների դեմ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
«Ես էլ որպես քաղաքացի՝ հետեւում եմ «Ոչ»-ի միտինգներին, խնդրում եմ ասեք՝ որտեղ են այն ահռելի «ոչ»-երը, որոնք դուրս են եկել փողոց եւ պահանջում են չընդունել այս սահմանադրությունը: Ես էլ եմ հեռուստատեսությամբ հետեւել այդ միտինգներին ու տեսել, թե քանի մարդ է դուրս եկել փողոց եւ պաշտպանել «ոչ»-ը»,-ասել է նա:
NEWS.am-ի հարցին, թե քանի՞ մարդ է տեսել, որ պաշտպանում է «Այո»-ն, նախարարը մեջբերել է Gellup International-ի կողմից անցկացված հարցման արդյունքները՝ նշելով. «Այսօր եթե դիտարկելու լինենք Գելափի տվյալները, 29 տոկոսը կողմ է, 26 տոկոսը՝ դեմ: Այսօր սա ունենք, ի վերջո այսօր քարոզչության առաջին օրն է եւ երկու ճակատի կողմնակիցներին մեկ ամիս ճանապարհ կա անցնելու»:
Ըստ Հրանուշ Հակոբյանի, սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը նաեւ նախագահական ընտրությունների առճակատումից ազատվելուն է միտված: «Երբ երկրի նախագահը ընտրվում է 51.5 տոկսով, պարտվողը՝ 49, որի հետեւում հսկա ուժ կա, ստացվում է՝ երկրի նախագահը ունենում է մեծ հնարավորություն, իսկ երկրորդը, որն այդքան մեծ էլեկտորատ ունի, ոչինչ չի ունենում, եւ երկիրը բաժանվում է երկու մասի: Մենք ստիպում ենք, որ առճակատումը խորանա: Իսկ սահմանադրական փոփոխություններից հետո նման բաներ չեն լինի: Երկրի նախագահը կդառնա ընդամենը արբիտր, ոչ կուսակցական, նա կհետեւի Սահմանադրության պահպանմանը եւ կփորձի արբիտրի խնդիր լուծել»,-ասել է Հրանուշ Հակոբյանը:





























