Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը լրագրողներին կոչ է անում գնալ ընտրատեղամասեր ու հսկողություն սահմանել հանրաքվեի ժամանակ:
«Եթե դուք մտահոգված եք կեղծիքով, սիրելի լրագրողներ, մենք ունենք 1932 ընտրատեղամասեր, գնացեք հսկողություն սահմանեք: Եթե մեր ընդդիմությունը ուժեղ է, թող գնան իրենց անդամների միջոցով հսկողություն իրականացնեն»,-այսօր՝ նոյեմբերի 6-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշել է Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն՝ անդրադառնալով իշխանությունների կողմից հանրաքվեն կեղծելու ընդդիմադիրների հայտարարություններին:
«Մինչեւ դուք չտեսնեք էդ կեղծիքը, իրավունք չունեք ասելու»-դիմել է լրագրողներին Հրանուշ Հակոբյանը:
NEWS.am-ի հիշեցմանը, թե նախկին ընտրություններում դիտորդները կրկնաքվեարկության դեպքեր են արձանագրել, նա արձագանքել է. «Հնարավոր են սխալներ, ես չեմ բացառում: Ոչ մի բան բացարձակ կատարյալ չէ էս աշխարհում: Ես չեմ կարող ասել, որ մի գյուղի մի հատ խումբ 100-տոկոսանոց օրենսգիրքը կպահպանի, կարող է խախտումներ լինեն, բայց դա ընդհանրացնել, վերագրել ու ասել, դրա համար կարգ գոյություն ունի: Դրեք ձեր մարդկանց, թող էդ մարդիկ գան հսկողություն սահմանեն»:
Լրագրողների դիտարկմանը, թե ընդդիմադիրներն ասում են, որ իրենց ներկայացուցիչներին իշխանությունները ճնշում են, Հրանուշ Հակոբյանն արձագանքել է. «Ես չեմ ուզում հավատալ դրան: Որպեսզի մենք նույնիսկ լավ գործը սեւացնենք, դեռ չծնված մանուկը մենք փորձում ենք խեղդել: Դա էդպես չի, եկեք բոլորս միասին ուղիղ, քաղաքակիրթ ձեւով փորձենք մարդկանց լավը բացատրել, բացասական կողմը, էսօրվա գործողի սխալը ասենք, վաղվա նորի առավելությունը ասենք»,-ամփոփել է Հրանուշ Հակոբյանը՝ ընդգծելով, որ գործող Սահմանադրության բացասական կողմը հասարակության միջեւ հետընտրական առճակատումն է:
Նշենք, որ սահմանադրության հանրաքվեն տեղի է ունենալու դեկտեմբերի 6-ին:





























