Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում մի քանի տասնյակ մարդ, հիմնականում՝ կանայք, ցույցի են դուրս եկել կանանց իրավունքների պաշտպանության համար այն բանից հետո, երբ երեքշաբթի տեսանյութ էր հրապարակվել, որտեղ երեւում է, թե ինչպես են մի խումբ տղամարդիկ քարկոծում ամուսնական դավաճանության մեջ մեղադրվող կնոջը։ Աֆղանստանի կառավարությունը կատարվածի պատասխանատվությունը բարդել է «Թալիբան» շարժման զինյալների վրա, փոխանցում է BBC-ի Ռուսական ծառայությունը։
Ցուցարարները բացականչում էին ինչպես հակակառավարական, այնպես ել թալիբների դեմ ուղղված կոչեր։ Ցույցին մասնակցող կանանցից ոմանք հագուստին կարմիր ներկ էին լցրել։
Տեսանյութում երեւում է, թե ինչպես են մի քանի տասնյակ տղամարդիկ շրջապատել փոսը, որի մեջ մինչեւ վիզը թաղված է չադրայավոր մի կին։ Տղամարդկանցից մեկի հրամանով մյուսները սկսում են կնոջ գլխին քարեր նետել։





























