Երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ եւ մարմնական վնասվածքներով հոսպիտալ տեղափոխված նորակոչիկ Մհեր Խլղաթյանի գործով դատապարտված 4 զինծառայողներն այսօր՝ նոյեմբերի 6-ին, ազատ արձակվեցին դատարանի դահլիճից:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Վերաքննիչ քրեական դատարանը որոշում կայացրեց նրանց նկատմամբ պատիժը պայմանական չկիրառել:
Հավաքվածները ծափահարություններով ընդունեցին կայացրած վճիռը:
Նշենք, որ հունիսի 25-ին Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց դատավճիռը, որով զինծառայողներ Արման Թադեւոսյանը, Հրաչ Մնացականյանը եւ Իշխան Կիրակոսյանը դատապարտվեցին 4, իսկ Վահե Օհանյանը՝ 4.5 տարվա ազատազրկման: Մեղադրող կողմը գործով կալանավորված, զինծառայողներ Արման Թադեւոսյանի, Հրաչ Մնացականյանի եւ Իշխան Կիրակոսյանի համար պահանջել էր 5, իսկ կրտսեր սերժանտ Վահե Օհանյանի համար՝ 6 տարվա ազատազրկում:
Փաստաբանները վերաքննիչ բողոք էին ներկայացրել՝ պահանջելով արդարացնել իրենց պաշտպանյալներին:
Հիշեցնենք, որ 2014թ. հունվարի 13-ին ժամը 02-10-ի սահմաններում ՀՀ ՊՆ Վարդենիսի զինհոսպիտալից երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ, մարմնական վնասվածքներով ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ էր տեղափոխվել N զորամասի ժամկետային զինծառայող, նորակոչիկ Մհեր Արմենի Խլղաթյանը:
Գործի շրջանակներում բուժծառայության պետ, կապիտան Արման Թադեւոսյանին, դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Հրաչ Մնացականյանին, ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վահե Օհանյանին եւ Իշխան Կիրակոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերով: Վահե Օհանյանին մեղադրանք է առաջադրվել նաեւ ՔՕ 358.1 հոդվածի 2-րդ մասով:



























