Հայաստանի պետական բյուջեից 2016թ. 1 մլրդ դրամ կհատկացվի անապահով ընտանիքների ուսանողների ուսման վարձի համար։ Այս մասին նոյեմբերի 6-ին՝ 2016թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, ՀՀ խորհրդարանում ասել է կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը։ Նրա խոսքով՝ աջակցություն կստանա 2500 ուսանող։

ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն իր հերթին հետաքրքրվել է պետպատվերով սովորող ուսանողների կրթաթոշակը բարձրացնելու հնարավորությամբ։ «Այդ 5 հազար դրամով նրանք կցանկանա՞ն զբաղվել գիտությամբ եւ ընդունվել ասպիրանտուրա։ Ինքներդ դատե՛ք»,- ասել է նա։ Աշոտյանը, դրան ի պատասխան, նշել է, որ կրթաթոշակը ոչ թե ուսանողներին առձեռն վճարվող գումար է,  այլ ուսումնական վարձի փոխհատուցում։

Հայաստանում ուսման վճարը տարեկան 660 հազար դրամ է։ Եթե դրան ավելացնենք 60 հազար դրամ տարեկան թոշակը, կստացվի 720 հազար դրամ։ «Այդքան է պետությունը հատկացնում պետպատվերով սովորող ուսանողների համար։ Դա քիչ չէ։ Իհարկե կարելի է կրթաթոշակն ավելացնել 2-3 կամ 5 հազար դրամով։ Բայց ըստ իս, ավելի ճիշտ է մեր ընտրած միջոցը՝ օգնել անապահով երեխաներին կրթություն ստանալ»,- ասել է Արմեն Աշոտյանը։