Վերաքննիչ քրեական դատարանում այսօր՝ նոյեմբերի 6-ին, սկսվեց Սուրիկ Խաչատրյանի տան մոտ 2 տարի առաջ սպանության սպառնալիքներ տալու համար 120 հազար դրամով տուգանված Արտակ Բուդաղյանի գորվոծ վերաքննիչ բողոքի քննությունը:

Հայկ Ալումյանը պահանջեց դատարանից բեկանել առաջին ատյանի կայացրած մեղադրական դատավճիռը եւ արդարացնել իր պաշտպանյալին, քանի որ մեղադրական վճիռ կայացնելու համար հիմքեր առաջին ատյանի դատարանը չի ունեցել: Փաստաբանը, բողոքը ներկայացնելիս, նշեց, որ նույնիսկ վկաներն են իրենց ցուցմունքներում պնդել, որ Արտակ Բուդաղյանը սպանության սպառնալիքներ չի հնչեցրել տուժող Լորետա Բարսեղյանի նկատմամբ:

«Բոլոր հիմքերը կան իմ պաշտպանյալին արդարացնելու համար: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մեղադրական դատավճռի հիմքում դրել է այնպիսի վկաների ցուցմունքներ, որոնք կապ չունեն Լորետա Բարսեղյանին սպանության սպառնալիքներ տալու հետ»,- ասաց Հայկ Ալումյանը:

Նրա խոսքով՝ նախաքննության մարմինը, այնուհետեւ նաեւ դատարանը նման մեղադրանք եւ դատավճիռ է կայացրել, որպեսզի «փրկեն» Սուրիկ Խաչատրյանի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին:

«Ապացուցված է, որ Տիգրան Խաչատրյանն է ծանր մարմնական վնասվածք հասցրել Արտակ Բուդաղյանին: Իրավապահ մարմինները նման մեղադրանք եւ դատավճիռ արեցին, որ Տիգրան Խաչատրյանին քրեական պատասխանատվության չենթարկեն»,- նշեց փաստաբանը:

Հայկ Ալումյանի խոսքից հետո դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց նոյեմբերի 20-ին:

Հիշեցնենք, որ օգոստոսի 21-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Արտակ Բուդաղյանին մեղավոր է ճանաչել, տուգանել 120 հազար դրամով: Դատարանը համաներում է կիրառել Բուդաղյանի նկատմամբ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Արտակ Բուդաղյանն իր եղբայր Ավետիք Բուդաղյանից տեղեկանալով, որ 01.06.2013թ. ժամը 22-ի սահմաններում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում իրեն ծեծի են ենթարկել, նպատակ ունենալով վախեցնել Սուրիկ Խաչատրյանին եւ նրա ընտանիքի անդամներին, նրանց մոտ առաջացնել տագնապի, սեփական անվտանգության համար անհանգստության զգացում, նույն օրը ժամը 23-ի սահմաններում «ՎԱԶ 2106» մակնիշի 30 SU 994 պետհամարանիշի ավտոմեքենայով գնացել է Գորիս քաղաքի Դավիթ-Բեկ փողոցում գտնվող Սուրիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան մոտ, իր հետ նախապես վերցված, իր անվամբ գրանցված որսորդական հրացանը ձեռքին իջնելով ավտոմեքենայից, սպանության սպառնալիքներ է տվել Սուրիկ Խաչատրյանի եւ նրա հարազատների հասցեին:

Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով:

Հիշեցնենք, որ 2013թ. հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հնչել էին կրակոցներ, որի հետեւանքով 1 մարդ մահացել էր, եւս 2 մարդ հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին Գորիսի բժշկական կենտրոն: Մահացածը Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանն էր, իսկ վիրավորներից մեկը՝ նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը: Մյուս վիրավորը Նիկոլայ Աբրահամյանն է, որը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ազգականն է եւ թիկնապահը: