Freedom House-ը հայտարարություն է տարածել Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Թամազ Ուրթմելիձեի՝ 2015-ի նոյեմբերի 5-ի «Ռուսթավի 2» հեռուստաալիքին վերաբերող դատավճռի կապակցությամբ։
Հայտարարության մեջ, որը ստորագրել է կազմակերպության միջազգային ծրագրերի փոխտնօրեն Ռոբերտ Հերմանը, ասվում է, որ «Ռուսթավի 2» հեռուստաալիքի նոր ղեկավարություն նշանակելու որոշումը խարխլում է երկրի ժողովրդավարական հիմքերը։
«Սահմանադրական դատարանի շրջանցմամբ «Ռուսթավի 2» հեռուստաալիքի նոր ղեկավարության նշանակումը խարխլում է Վրաստանում ժողովրդավարության հիմքերը։ Կառավարությունը խախտում է իր ընտրողներին տված խոստումը, թե նախորդ իշխանությունների համեմատ ապահովելու է օրենքի գերակայության շատ ավելի բարձր սկզբունքներ, հիմնարար ժողովրդավարական իրավունքներ, այդ թվում նաեւ՝ լրատվամիջոցների ազատության առումով։ Մենք Վրաստանի իշխանություններին կոչ ենք անում վերջ դնել լրատվամիջոցների գործունեությանը միջամտելուն», - ասվում է հայտարարության մեջ, տեղեկացնում է «Գրուզիա On-line»-ը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին դատավոր Թամազ Ուրթմելիձեն դադարեցրել է «Ռուսթավի 2» հեռուստաընկերության գլխավոր տնօրենի եւ ֆինանսական մենեջերի, ինչպես նաեւ իրավասություն ունեցող այլ անձանց լիազորությունները եւ նշանակել է ժամանակավոր կառավարիչների՝ «Ռուսթավի 2» հեռուստաալիքի մրցակից «Իմեդի» հեռուստաընկերության նախկին տնօրեն Ռեւազ Սաքեւարիշվիլիին եւ «Ռուսթավի 2»-ի նախկին սեփականատեր Դավիթ Դվալիին, որը նաեւ հեռուստաընկերության գույքի նկատմամբ հավակնություններ ունի։
Բացի այդ, Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավորն իր որոշման մեջ նշել է, որ «Ռուսթավի 2» հեռուստաընկերության ծրագրերը ստվերում են թողնում այլ՝ ավելի կարեւոր իրադարձությունները երկրում եւ ընդգծել է խմբագրական քաղաքականության փոփոխման անհրաժեշտությունը, ինչը աներեւակայելի է նույնիսկ այն երկրներում, որտեղ օրենքը եւ դատական համակարգը ամենացածր մակարդակում են։





























