Գերմանիայում կինը լուրջ այրվածքներ է ստացել կարծեցյալ ինքնաբռնկման (spontaneous human combustion) պատճառով, հայտնում է Flensburger Tagesblatt-ը:
Միջադեպը տեղի է ունեցել Գերմանիայի հյուսիսում՝ Ֆլենսբուրգ քաղաքում: Հաղորդվում է, որ անցորդները նկատել են նստարանի վրա նստած այրվող կնոջը: Երբ կրակը մարել են եւ կնոջը տեղափոխել հիվանդանոց, նա արդեն լուրջ այրվածքներ էր ստացել: Մավրիկիայից Գերմանիա տեղափոխված 40-ամյա կինը ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում:
Ականատեսները պնդում են, որ կրակի բոցերի մեջ այրվելիս կինը ոչ մի բառ չէր արտաբերում: Դատախազությունից հայտնել են, որ իրենք որեւէ հիմք չունեն ենթադրելու, թե գործում կա նաեւ 3-րդ կողմ: Հետաքննվում է ինքնահրկիզման միջոցով ինքնասպանություն գործելու վարկածը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
Նշենք, որ առանց կողմնակի ազդեցության ինքնաբռնկման երեւույթը գիտության մեջ ապացուցված չէ: Այդ երեւույթը փորձում են բացատրել մարդու սովորույթներով՝ ալկոհոլի չարաշահմամբ, օրգանիզմի ներքին աշխատանքի մեխանիզմներով եւ այլն:





























