«Հանձնաժողովի մեկ անդամով հնարավոր չէ հսկողություն իրականացնել, եթե նույնիսկ, կներեք աչքերը շլդիկ էլ լինի, չի հասցնի ուսումնասիրի՝ աջ , ձախ ինչ է կատարվում»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն՝ անդրադառնալով իշխանությունների այն հայտարարություններին, թե ընդդիմադիր խմբակցությունները կրկնակի քվեարկության դեմ թող պայքարեն՝ ընտրական հանձնաժողովներում ներգրավված իրենց ներկայացուցիչների միջոցով վերահսկողություն անցկացնելով։

«Ընտրական գործընթացներից պետք է հասկանալ, որ նախ ցուցակները երկու  հոգի են վարում, մինչեւ հազարը մեկ անդամ, մյուս հազարը՝ երկրորդ անդամը։ Մեկ անդամով հնարավոր չէ այդքան ուշադիր վերահսկողություն իրականացնել, որ կրկնակի քվերակություն չլինի, եթե նույնիսկ հանձնաժողովի անդամի աչքերը, կներեք, շլդիկ էլ լինի, չի հասցնի ուսումնասիրի՝ աջ ու ձախ թե ինչ է կատարվում։ Երկրորդ՝ անդամը ո՞նց կարող է առանց հաշվառման փաստը ստուգելու, ասի՝ դուք  տվյալ տեղամասի հասցեում գրանցված կրկնվող ազգանունը կրող անձն եք, թե՞ ոչ»։

Ըստ Հովհաննես Մարգարյանի, կրկնակի քվեարկության դեմ պայքարի համար պետք չի հեծանիվ հորինել, որեւէ մեկի մատը թանաքոտել, ընդամենը հարկավոր է սովորական կապույտ անձնագրով մասնակցել քվեարկության։

«Պետությունը պետք է արի լինի, իր 182 հազար անձնագիր չունեցող քաղաքացիներին ապահովել անձնագրով, ինչը իրենց սահմանադրական պարտավորությունն է, որպեսզի ապահովի նրանց ազատ տեղաշարժը երկրից դուրս։ Նույնականացման քարտերով որեւէ մեկը չի կարող ՀՀ-ից դուրս գալ, նույնսիկ՝ Վրաստան։ Բայց կապույտ սովորական անձագիրը  հազար դրամ արժե, թող դրանք տան քաղաքացուն, երբ քաղաքացին  կգտնի հարմար, թող իր համար կենսաչափական անձագիր ձեռք բերի։ Ամենալավ լուծումն է, թող քաղաքացուն նվեր տան սովորական աձնագիր»։

Մեր զրուցակիցը պնդեց՝ հավասար ընտրական իրավունքը հնարավոր է ապահովել միայն քաղաքացիներին հավասարապես սովորական անձագիր տրամադրելով, որի վերջին էջում դրվում է դրոշմակնիք, ինչը չի պահպանվում նույնականացման քարտի վրա։