Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անընդունելի է համարել ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի որոշումը, որը հավանություն է տվել Ռոբերտ Ուոլթերի զեկույցին։ 

Լրագրողների հետ զրույցում, պատասխանելով այն հարցին, թե ինչ է մտածում ԵԽԽՎ հանձնաժողովի որոշման մասին, Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը ընդգծել է, որ  «մենք բոլորս պիտի համատեղ աշխատենք մեր ռազմա-քաղաքական ղեկավարության նախանշած նպատակներին հասնելու համար, ի շահ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի»։

«Բոլոր այլ տեսակետները, որոնք կարող են միակողմանի որոշումների հանգեցնել կամ էլ միակողմանի արարքներ պարտադրել, մեզ համար անընդունելի են։  Մենք համարում ենք, որ հակամարտությունը կարող է կարգավորվել խաղաղ քաղաքական եղանակով, երկխոսության միջոցով եւ վստահության մթնոլորտում», - ասել է նախարարը՝ հավելելով, որ դա պիտի տեղի ունենա միջազգային հանրության աջակցությամբ։ 

Հիշեցնենք, որ Ռոբերտ Ուոլթերի զեկույցը առանձնանում է զարմանալի միակողմանիությամբ, ոչ օբյեկտիվությամբ եւ կանխակալությամբ։  ԱՄՆ-ից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը նույնիսկ բացասական վերաբերմունք է արտահայտել ԵԽԽՎ-ի՝ բանակցային գործընթացին միջամտելու փորձերին։