Բաշկիրական Սալավաթ քաղաքում ծանր վիրավորվածներից մեկի՝ 28-ամյա Ալբերտի վիճակն արդեն նորմալ է։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ռուսաստանի Հայերի միության շրջանային բաժանմունքի ղեկավար Արկադի Դալարյանը։
Նշենք, որ չնայած Ալբերտի ողջ մնալու շանսերը շատ փոքր էին, երիտասարդի վիճակը բարեբախտաբար բարելավվում է։ «Տուժածներից մեկին արդեն 4 անգամ վիրահատել են, պատրաստվում են հինգերորդ անգամ վիրահատել։ Վերակենդանացման բաժանմունքում գտնվող երրորդ տուժած հայի վիճակը եւս նորմալ է», - ասել է Արկադի Դալարյանը։
Հիշեցնենք, որ բաշկիրական Սալավաթ քաղաքում քրեական դրամա էր տեղի ունեցել այս տարվա հոկտեմբերի 29-ի գիշերը։ Դիմակավոր մարդկանց խումբը (8 մարդ) Հյուսիսային փողոցում մեքենայով մոտեցել էր ավտոսերվիսին եւ կրակել յոթ մարդու ուղղությամբ։ Հայտնի է, որ հարձակվողներից մեկը նախկինում դատված Նագիմ Շաքիրօղլի Մամեդով անունով 34-ամյա ադրբեջանցին է, որը եղել է իր ընկերների հետ։ Տուժածներն են՝ Ա. Ոսկայան, Տ. Ոսկանյան, Ս. Գրիգորյան, Մ. Մալոմյան (վերակենդանացման բաժանմունքում է), Ա. Ավետյան(վերակենդանացման բաժանմունքում է), Ա. Ակուլյան (վերակենդանացման բաժանմունքում է)։ Ավտոսերվիսի տերը 35-ամյա Արթուր Սարգսյանը մահացել է Սալավաթի քաղաքային հիվանդանոցում գլխի մասում հրազենային վնասվածքից։





























