Սահմանադրական փոփոխությունների նախագծին մասամբ ձեռնպահ, մասամբ դեմ քվեարկած ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը քարոզարշավի ընթացքում դեռ չի հանդիպել որեւէ մեկի, որ դրական տրամադրվածություն ունենա այդ փոփոխությունների նկատմամբ։ Այս մասին նա հայտնել է NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում։ Հովհաննես Մարգարյանը խմբակցության այն պատգամավորներից է, ով դեմ է քվեարկել նախագծին եւ համարում է, որ ինքն էլ է ներգրավված «Ոչ»-ի քարոզարշավում։
Մեր հարցին, թե քարոզարշավն ինչպես են անցկացնում եւ որտեղ, պատգամավորն ասաց՝ զանգվածային լրատվամիջոցներով, հեռուստահաղորդումների միջոցով են իրենց տեսակետները հայտնում։
Այս տիրույթում քարոզարշավ իրականացնող պատգամավորը քաղաքացիների տրամադրվածության առումով արձանագրել է հետեւյալը. «Հիմնականում անտարբերություն է։ Ճիշտն ասած, ես չեմ հանդիպել, որ դրական տրամադրվածություն լինի։ Երբ համադրում եմ բացասականն ու դրականը, ավելի շատ անտարբերություն է»։





























