Նոյեմբերի 6-ին Ուգանդայում ՌԴ դեսպանության հյուպատոսը Ջուբայում հանդիպում է ունեցել նոյեմբերի 4–ին Հարավային Սուդանում վթարի հենթարկված ԱՆ–12 օդանավը շահագործող ավիաընկերության ղեկավարության հետ, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը եւ Ուգանդայում ՌԴ դեսպանությունը կապահովեն ողջ իրավական գործառույթների իրականացումը, իսկ ավիաընկերության ղեկավարությունը, համագործակցելով ապահովագրական ընկերության հետ, կապահովի աճյունների տեղափոխումը, համապատասխանաբար, ՀՀ եւ ՌԴ։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքյան էջից։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ջուբայի օդանավակայանը շաբաթ եւ կիրակի օրերին ամբողջության փակ է, տեխնիկական խնդիրների կարգավորումից հետո առաջիկա մի քանի օրվա ընթացքում հնարավոր կլինի ՀՀ քաղաքացիների աճյունները տեղափոխել հայրենիք։ Ջուբայում է գտնվում Եգիպտոսում ՀՀ դեսպանության հյուպատոսը։ Լրացուցիչ տեղեկատվության մասին կհայտնվի հավելյալ»,– ասվում է ԱԳՆ ֆեյսբուքյան էջի հաղորդագրությունում։

NEWS.am–ի տեղեկություններով` կործանված օդանավը պատկանում էր «Տարոնավիա» ընկերության սեփականատեր Գառնիկ Պապիկյանին պատկանող, ԱՄԷ–ում գրանցված Ala Avia International LTD ընկերությանը։

Հիշեցնենք, որ 2015թ.  նոյեմբերի 4-ին Հարավային Սուդանում կործանվել էր Allied Services Limited ավիաընկերությանը պատկանող բեռնատար ԱՆ-12 օդանավը։  ԱՆ-12-ը վայր է ընկել թռիչքից անմիջապես հետո եւ վնասելով բնակելի շինություններ՝  ընկել է Նեղոս գետը։ ԱՆ-12-ում եղել է 18 մարդ, այդ թվում ՀՀ  5 քաղաքացի` հրամանատար Գեւորգ Թովմասյան, երկրորդ օդաչու Սամվել Համբարձումյանը, բորտինժեներ Սամվել Մկրտչյանը, ավիատեխնիկ Արմեն Անտոնյանը, ավիատեխնիկ Սուրեն Պետրոսյանը։ ՀՀ բոլոր քաղաքացիները զոհվել են։ Վերջին տվյալով` ավիաաղետի հետեւանքով զոհվել է 40 մարդ: