Սահմանադրական փոփոխությունների քարոզարշավը «Այո»-ի ճակատում գտնվող խորհրդարանական կիրականացնեն սեփական կարգախոսներով։ Հանրապետական կուսակցությունը կներկայանա քաղաքացիներին «Ասա՛ այո» կարգախոսով, «Հայ հեղափոխական դաշնակցությունը»՝ «Վճռական այո»։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց՝ հատուկ ընդգծված կարգախոս չունեն, բայց ընդհանուր գաղափարախոսության տեսանկյունից այպես ձեւակերպեց․ «Ուզո՞ւմ եք համակարգային փոփոխություններ, քվեարկեք այո»։
«Ոչ»-ի ճակատում գտնվող ուժերի կարգախոսներն ուղղված են Սերժ Սարգսյանի իշխանությանը «Ոչ» ասելուն։ Ճակատը ներկայանում է ընտրողներին «Ոչ հանցավոր ռեժիմին, Ոչ նոր սահմանադրությանը», «Ոչ, Սերժ Սարգսյանի ռեժիմին» կարգախոսներով։
Դեկտեմբերի 6-ի հանրաքվեից առաջ տրամադրվող անվճար եթերաժամից օգտվելու են ԱԺ բոլոր վեց խմբակցությունները` ՀՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ, «Օրինաց երկիր», «Ժառանգություն» և «Բարգավաճ Հայաստան»։
«Բարգավաճ Հայաստան», ՀՅԴ եւ ՕԵ խմբակցություններից ասացին, որ հնարավոր է` վճարովի եթերաժամից էլ օգտվեն:
Նշենք, որ նոյեմբերի 6-ից Հանրային հեռուստատեսությամբ և ռադիոյով մեկնարկել է դեկտեմբերի 6-ի հանրաքվեից առաջ տրամադրվող անվճար քարոզչության համար սահմանված անվճար եթերաժամից օգտվելու հնարավորությունը:
«Հանրաքվեի մասին» օրենքի համաձայն, անվճար՝ մինչև 60 րոպե եթերաժամանակ է հատկացվում միայն Ազգային ժողովի խմբակցություններին: Րոպեները բաշխվում են նոյեմբերի 6-ից մինչև նոյեմբերի 30-նն ընկած ժամանակահատվածում՝ 2 րոպե տևողությամբ:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների կողմից անցկացված վիճակահանությամբ որոշվել է եթերաժամի տրամադրման հերթականությունը՝ ՀԱԿ, ՀՅԴ, ՕԵԿ, ՀՀԿ, «Ժառանգություն», «Բարգավաճ Հայաստանը»։





























