Մեծ Բրիտանիայի կառավարությունում հայտարարել են, որ ռուսական A321 օդանավում պայթյունի կազմակերպմանն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման՝ Սինայի մասնաճյուղի առաջնորդ Աբու Ուսամա ալ-Մասրիի մասնակցության մասին տեղեկություն ունեն: Այս մասին գրել է Sunday Times-ը՝ վկայակոչելով կառավարությունից սեփական աղբյուրներին:
Ըստ պարբերականի, կառավարության ներկայացուցիչները հաստատել են, որ Մասրին «հետաքրքրություն է առաջացրել քննիչների մոտ», եւ Բրիտանիան կարող է օգնել Եգիպտոսին եւ Ռուսաստանին ահաբեկիչներին բռնելու կամ ոչնչացնելու գործում:
Նոյեմբերի 4-ին համացանցում Մասրի անունով հայտնի անձի տեսագրությունն է հայտնվել, որում նա ստանձնել է ռուսական օդանավի կործանման պատասխանատվությունը: Նույն օրը, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը հայտարարեց դեպի Եգիպտոս ավիափոխադրումները դադարեցնելու մասին:
Եգիպտական Շարմ էլ-Շեյխից Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող ռուսական Airbus A321 օդանավը կործանվել է հոկտեմբերի 31-ին: Օդանավում 224 մարդ կար, բոլորն էլ զոհվել են:





























