Տուլայի շրջանային կլինիկական հիվանդանոցում նոյեմբերի 9-ի դրությամբ բուժում է ստանում հայկական ավտոբուսի վթարից տուժած 5 ուղեւոր, որից 3-ը գտնվում են Վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից:

Վերակենդանացման բաժանմունքում գտնվող ուղեւորների առողջական վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր: Մյուս հիվանդների առողջական վիճակը կայունացել է, առկա է դրական տեղաշարժ: Տուժածներից մեկն ունի կոնքի ոսկրերի և անրակի կոտրվածքներ: Նրան այսօր կվիրահատեն:

Շրջանային կլինիկական հիվանդանոցում բուժում ստացած մյուս տուժածներն առողջացումով դուրս են գրվել:

Ինչպես արդեն հայտնել ենք, վաթրից տուժած մի քաղաքացի հարազատների ցանկությամբ բուժումը շարունակում է Բուրդենկոյի անվան զինվորական կլինիկական հոսպիտալում: Եվս երկու հիվանդ նեղ մասնագիտական բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության քաղաքային գիտահետազոտական ինստիտուտ:

Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում բուժում է ստանում վթարից տուժած 2 քաղաքացի:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, նոյեմբերի 3-ի գիշերը Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարի հետեւանքով մի քանի տասնյակ մարդ է տուժել, 9 մարդ մահացել է:

Վթարի հետ կապված քրեական գործ է հարուցվել «ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտում» հոդվածով։ Համանման քրեական գործ է հարուցված նաեւ Հայաստանում։ Նախնական տվյալների համաձայն, վարորդը ղեկի մոտ քնել է։ Վարորդ Գառնիկ Հարությունյանը կալանավորված է: