Չինաստանի որոշ շրջաններում օդի աղտոտվածության մակարդակը 56 անգամ գերազանցում է նորման, որը սահմանել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։ Այս մասին հայտնում է Gazeta –ն՝ վկայակոչելով The Guardian թերթը։

Կիրակի մշուշի պատճառով Չինաստանի հյուսիս-արեւելյան մասին բնակիչները ստիպված էին հակագազեր օգտագործել։ Լյաոնին նահանգում գրանցվել է ուռուցքների առաջացման պատճառ հանդիսացող PM2.5 մասնիկների ռեկորդային ցուցանիշ։ Օդում վնասակար մասնիկների տարածումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ցուրտ եղանակների պատճառով չինացիները  սկսել են ավելի շատ ածուխ վառել ջեռուցում ապահովելու համար։

CCTV պետական հեռուստաընկերության տվյալներով՝ Լյաոնին նահանգի կենտրոնում՝ Շենյանում, տեսանելիությունը 100 մետրից պակաս է։ Հաղորդվում է, որ երկուշաբթի իրավիճակը մի փոքր բարելավվել է, սակայն օդի աղտոտվածությունը դեռ մնում է վտանգավոր մակարդակի վրա եւ կարող է սպառնալ արդյունաբերական քաղաքում ապրող 8 մլն բնակիչներին։