Մոսկվայում «Վագտրանս» («Ավազար Բուս») ՍՊԸ ավտոբուսը նորից ձերբակալվել եւ տեղափոխվել է տուգանային հրապարակ։ Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է ե՛ւ ընկերության ներկայացուցիչը, ե՛ւ ավտոբուսի վարորդ Մ. Հակոբյանը։
Վարորդի խոսքով՝ նոյեմբերի 4-ին սահմանված 27 550 ռուբլի տուգանքը վճարելուց հետո ինքը ավտոբուսը հետ է վերցրել հատուկ կայանատեղիից եւ վերադարձել Ցարիցինո մետրոյի մոտ գտնվող ավտոբուսի կանգառ ու սկսել է ուղեւորներ հավաքել Երեւան տեղափոխելու համար։
Նոյեմբերի 7-ին ՌԴ Պետավտովերահսկողության վարչության աշխատակիցները նորից են մոտեցել ավտոբուսին եւ երկրորդ անգամ մեքենան տարել հատուկ կայանատեղի։ Այդ պահին, ինչպես հայտնեց ընկերության ներկայացուցիչը, ավտոբուսը պատրաստվում էր ուղեւորվել Երեւան։
Ներկայումս ավտոբուսը տուգանային հրապարակում է։ Ընկերությանը սպառնում է մինչեւ 150 հազար ռուբլի տուգանք։
«Եթե առաջին անգամ տուգանք էին դրել իբր թե անսարք վիճակում ավտոբուսը վարելու համար, ապա հիմա, ինչպես ասում են, ապօրինի ուղեւորափոխադրումներ իրականացնելու համար»,- ասել է ընկերության ներկայացուցիչը եւ հավելել, որ «Ավազար Բուս»-ը համաձայն չէ տուգանքի հետ եւ կբողոքարկի տուգանքը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին Մոսկվայում ձերբակալվել էր հայկական «Վագտրանս» ՍՊԸ առաջին ավտոբուսը եւ, ինչպես հայտնել էին ՌԴ ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչությունից, տեղափոխվել էր տուգանային հրապարակ արգելակների եւ ղեկի անսարքության պատճառով։ Վարորդ Հակոբյան Մ.-ն NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հերքել էր այդ տեղեկությունը՝ հայտարարելով, որ ավտոբուսը եղել է տեխնիկապես սարքին վիճակում եւ ստուգումների ժամանակ հայտնաբերած անսարքության վերաբերյալ փաստաթուղթ իրեն չեն տրամադրել։
Նոյեմբերի 9-ին ՌԴ «Փոխադրումների կազմակերպիչ» պետական գանձապետական հաստատությունը իր կայքում հայտնել էր, որ Մոսկվա-Երեւան ապօրինի փոխադրումներ իրականացնող «Վագտրանս» («Ավազար Բուս») ընկերության ավտոբուսը գրանցված չէ ՌԴ տրանսպորտի նախարարության ավտոբուսային կանոնավոր միջազգային երթեւեկության գրանցամատյանում։ Դա նշանակում է, որ փոխադրողն իրավունք չուներ աշխատել Ռուսաստանում, սակայն շարունակում է ապօրինի փոխադրել Մոսկվա-Երեւան երթուղու ուղեւորներին։





























