Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Սիլվանի շրջանում նոյեմբերի 9-ին ոստիկանները կրակահերթի տակ են պահել սրճարաններից մեկը՝ վիրավորելով 3 հաճախորդի, որոնցից մեկը ճանապարհին մահացել է։
Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝ Սիլվանի Ֆերիդունի թաղամասում, որտեղ չկա փողոց դուրս գալու արգելքը, ոստիկանները կրակահերթի տակ են պահել սրճարաններից մեկը։ Կրակոցներից վիրավորվել են 44, 45 եւ 50 տարեկան տղամարդիկ։ Վիրավորներից մեկը Սիլվանի պետական հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։
Նշենք, որ Դիարբեքիրի Սիլվանի շրջանում թուրքական իշխանությունները փողոց դուրս գալու արգելք են սահմանել, որի ընթացքում զինվորականներն ու ոստիկանները հարձակումներ են իրականացնում քուրդ բնակչության դեմ։ Սիլվանում ոստիկաններն արդեն սպանել են 5 քաղաքացու։





























